Saturday, May 16, 2015

Տերյան։ Ստեղծագործությունների վերլուծություն

Տերյանի «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձի՜ր իմ մոտ, վերադարձի՜ր դու նորից,–
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերստին քեզ տանջել...

Հետագա՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Փշե պսակ», «Վերադարձ», «Կատվի դրախտ», «Ոսկե շղթա» շարքերում, որոնք «Մթնշաղի անուրջների» հետ ամփոփվել են «Բանաստեղծությունների» առաջին հատորում, Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշուն», «Չգիտեմ այս տխուր աշխարհում...», «Շշուկ ու շրշյուն» և այլն):
Տերյանը բողոքում է ապականված աշխարհի դեմ, որտեղ «անհաս ցնորք» կինը գնվում է ոսկով («Ինձ չես սիրում»), քաղքենի տաղտուկի մեջ փշրվում են մարդու երազանքները («Կարուսել»): Բանաստեղծն ստեղծում է սիրո և գեղեցկության իր իդեալը՝ որպես փարոս կյանքի մթին ուղիներում.

Ե՜վ տանջանք, և՜ բեկում, և՜ թախիծ –
Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

«Բյուր մարդոց մեջ» միայնության զգացումով տառապող բանաստեղծը փայփայում է պայծառ հույսեր, երազում դյութական մի հովիտ, ուրիշ մի աշխարհ («Արևածագ», «Վերադարձ» և այլն):
«Երկիր Նաիրի» (1915–17 թթ.) շարքում բանաստեղծը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին, ստեղծել է ուրույն փիլիսոփայություն Հայաստանի հոգևոր հարստության, անցյալի, ներկայի և գալիքի մասին: «Մի՞թե վերջին պոետն եմ ես...» բանաստեղծության մեջ, երգելով իր պայծառ Նաիրին, նրա բոցե վարդերը, աղոթքի պես հնչող արքայական լեզուն, Տերյանը տագնապում է հայրենիքի վաղվա օրվա համար.

Ահով ահա կանչում եմ քեզ՝
Ցոլա՜, ցնորք Նաիրի.–
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...

1918 թ-ին Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, սատարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը, գրել հոգեցունց բանաստեղծություններ («Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ...», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլն), ողբացել հազարամյակների խորքից եկած, ուղեմոլոր, հուսահատ ու վիրավոր իր ժողովրդի անամոք վիշտը:
Այդուհանդերձ, նա հույսով ու հավատով է նայում գալիքին.

Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին:

Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա պատմություն ունեցող բաղաձայնույթի (ալիտերացիա) և նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և  տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են): Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:
Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:

No comments:

Post a Comment