Saturday, May 16, 2015

Ավետիք Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-
ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։

No comments:

Post a Comment