Saturday, February 4, 2017

Ապրել գրադարանով և ապրել գրադարանում

«Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը լինելու է գրադարանի տիպի»: -Բորխես



Ընտանիքը այն չէ, որտեղ ծնվել ես, այլ՝ որտեղ ապրում ես: Տիարը ասում է, որ գրադարանի աղջիկը ոչ միայն պետք է գրադարանով ապրի, այլև՝ գրադարանում ապրի: Ուրիշ էլ ինչ կարող է այսպես դիպուկ բնորոշել ինձ՝ գրադարանի աղջկաս:
   Չեմ հիշում՝ քանի տարի է, որ գրադարանում եմ: Դպրոցն ավարտեցի, բայց չլքեցի: Հնարավորություն կար ուսումը շարունակելու կրթահամալիրում: Ընդունվեցի քոլեջի «Գրադարանային գործ» բաժինը: Երկու տարվա ուսումս ամփոփեցի մի օրում՝ կլոր սեղանի հրավերով:
   Հրավիրեցինք կրթահամալիրի բոլոր ժամանակների գրադարանաստեղծներին: Ինչ գեղեցիկ է հնչում, չէ՞, ԳՐԱԴԱՐԱՆԱՍՏԵՂԾ, և ինչքա~ն՝ խորիմաստ: Հանդիպեցի ընկերներիս, դասընկերներիս, իմ հին ու նոր բարեկամներին: Ինչպես խոստացվել էր՝ ամենը գրադարանի անցած ուղու, ներկայի և հետագա անելիքների մասին: Խոսեցին բոլորը՝ շրջանավարտները, դասավանդողները, սովորողները, գրականագետները, գրադարանագետները… մի խոսքով՝ բոլոր ներկաները:
  Ի՞նչ զարգացումներ է ապրել գրադարանը, ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ է տվել և ի՞նչ է ստացել. ահա՝ գլխավոր հարցադրումները: Այո՛, սա գրադարան է գրքերով, մեդիայով, գաղափարներով ու հեռանկարներով, ընթերցողներով ու … չէ՛, մեզ անհրաժեշտ չեն  ընթերցողներ, մեզ անհրաժեշտ են մոլի ընթերցողներ: Որպեսզի ոչ ոք չերկմտեր՝ ինչ է նշանակում մոլի ընթերցող, տիարը բերեց շատ պարզ օրինակ՝ Աշոտ Բլեյանին. գրե՛լ, գրե՛լ, գրե՛լ, ընթերցել ու նորից գրել, մոլի ընթերցողը պետք է ընթերցելու նյութ տրամադրի մյուս ընթերցողներին: «Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից».- ասում էր Ռեմարկը, իսկ ես ավելացնում եմ. «Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ընթերցանությունից»:
  Բորխեսը խոսում էր տիեզերքի մասին, ասելով, որ գրադարանը (տիեզերքը) հարատևելու է` լուսավորված, անբնական, անվերջանալի, կատարելապես անշարժ, թանկագին հատորներով հարուստ, անօգուտ, անապական, խորհրդավոր: Այս հարատևության մեջ մեզ մնում է ստեղծել անվերջանալի գրեր, իսկ ինչպես Թումանյանը կասեր՝ անմահ գործեր:



Հ. Գ
Ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հայտնել իմ քրոջը` Աննա Գսպոյանին, իմ շատ սիրելի տիկին Մարիին, տիկին Նոնային ինձ աջակցելու համար: Առանց ձեր օգնության չէր կարող այսքան հաջող ու հետաքրքիր հանդիպում կազմակերպվել: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կրթահամալիրի ամենաընթերցասեր մարդուն` Աշոտ Բլեյանին, ում հոգատարության, հետևողականության, պահանջկոտության և շշմելու աշխատանքի շնորհիվ այսօր ունենք ա՛յ այսպիսի գրադարան: