Sunday, December 8, 2013

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը

Իրավաբանական փաստերը նյութական իրավունքի նորմերի կողմից արժեքավորվող այն հանգամանքներն ու իրադարձություններն են, որոնց առկայության կամ բացակայության հետ նույն իրավունքի նորմերը կապում են որոշակի իրավական հետևանքներ՝ քաղաքացիների և կազմակերպությունների (նաև՝ պետության) իրավունքների ու պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Իրավաբանական փաստերի դատական հաստատումը կարող է կատարվել ինչպես հայցային, այնպես էլ հատուկ հայցային վարույթների կարգով՝ սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ժամանակ: Հատուկ վարույթի կարգով իրավաբանական փաստերի դատական հաստատումը քաղաքացինների, կազմակերպությունների, նաև՝ պետության իրավունքների և օրինական շահերի իրացման լրացուցիչ դատավարական կառուցակարգ է, որի կիրառմաբմ իրավունքների և պարտականությունների կատարումն ապահովվում է նաև իրավունքի մասին վեճի բացակայության դեպքում: Այդ փաստերի հաստատմամբ երաշխավորվում է ծերության, անաշխատունակության  լրիվ կամ մասնակի կորստյան դեպքում նյութական ապահովություն ստանալու ժառանգման իրավունքների, ամուսնաընտանեկան, աշխատանքային և այլ հարաբերությունից ծագող իրավունքների և օրինական շահերի իրականացումը: Օրինակ՝ անձի ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը, որը հաստատվում է հատուկ վարույթի կարգով, միաժամանակ կարող է հիմք դառնալ և՛ կենսաթոշակային, և՛ ժառանգական, և՛ այլ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման համար:
  Օրենսդրությամբ թույլատրված է իրավաբանական փաստերը հաստատել ոչ միայն դատական (հայցային, հատուկ հայցային կամ հատուկ վարույթների) կարգով, այլ նաև վարչական, նոտարական կարգով, հասարակական:
  Նոտարական մարմիններին իրավունք է վերապահված հաստատելու ակնհայտ և իրենց գոյությամբ կասկածներ չհարուցող, ներկա ժամանակին վերաբերող փաստերը, որոնց հաստատումը կապված չէ վկաների հարցաքննության, ապացույցներ ձեռք բերելու, հետազոտելու և գնահատելու անհրաժեշտության հետ: Դրանք են՝ քաղաքացու ողջ լինելու, քաղաքացու՝ որոշակի տեղում գտնվելու, փաստաթուղթը նոտարին ներկայացնելու ժամանակի և լուսանկարում պատկերված անձի ու քաղաքացու նույնության փաստերը:
  Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ իրավաբանական փաստերի հաստատման հասարակական կամ վարչական կարգի գոյությունը (ենթակայությունը) ևս քաղաքացիներին չի զրկում իրավաբանական փաստերի հաստատման խնդրով դատարան դիմելու իրավունքից և հիմք չի կարող հանդիսանալ դատարանի կողմից դիմումի ընդունումը մերժելուն, որովհետև ՀՀ Սահմանադրության 38 հոդվածը երաշխավորում է քաղաքացիների իրավունքների դատական պաշտմանության անսահմանափակ իրավունք: Դրա համար էլ իրավաբանական փաստերի հաստատումը գերազանցապես կատարվում է դատական և այն էլ՝ հատուկ վարույթի կարգով: Այդ գործերը դատարանների կողմից քննվող գործերի ընդհանուր քանակի մեջ կազմում են շուրջ 15 տոկոս:
  Իրավաբանական փաստերի հաստատման վարույթը հատուկ վարույթին հարաբերում է այնպես, ինչպես մասն իր ամբողջին: Ահա թե ինչու այդ վարույթին յուրահատուկ են նույն հատկանիշները, ինչ որ հատուկ վարույթին:
  Իրավաբանական փաստերի դատական հաստատման դատավարական առանձնահատկությունները սահմանված են ՔԴՕ 189-193 հոդվածներով, րոնք ցուցումներ են պարունակում այդ կատեգորիայի բոլոր գործերի առանձնահատկությունների՝ հարուցման, դատական քննության նախապատրաստելու, դատական քննության, դրանցով կայացվող վճիռների մասին:
  Յուրաքանչյուր շահագրգռված անձ իրավունք ունի դիմել դատարան՝ իրավաբանական փաստի հաստատման խնդրով: Գործ կարող են հարուցել նաև ուրիշ քաղաքացիներ և կազմակերպություններ, եթե օրենքը նրանց իրավունք է վերապահել դատարան դիմել այլ անձանց իրավունքների պաշտպանությամբ:
  Դատարանն իրավունք ունի ընդունել և քննել իրավաբանական փաստի հաստատման վերաբերյալ դիմումը, եթե՝
1)     Փաստը դիմողի համար ունի իրավաբանական նշանակություն, այսինքն՝ տվյալ կոնկրետ դեպքում կարող է իրավական հետևանքներ առաջացնել (փոփոխել, դադարեցնել) անձնական կամ գույքային իրավունքների բնագավառում: Հաստատման ենթական չեն իրավական հետևանքներ չառաջացնող փաստերը, կամ նրանք, որոնցով օրենքը շրջանցելու կամ անօրինաչափ արտոնություններ ու գույքային օգուտներ ստանալու նպատակներ են հետապնդվում: Օրիանկ՝ ազգակցական հարաբերությունները իրավաբական նշանակություն չունեն բնակարանային իրավունքներ ձեռք բերելու համար, հորաքրոջ, մորաքրոջ, հետ ունեցած ազգակցական հարաբերությունները՝ կենսաթոշակի իրավունքներ ձեռք բերելու համար և այլն: Եթե շահագրգռված անձը դատարան է դիմում իրավաբանական նշանակություն չունեցող փաստ հաստատելու խնդրանքով, ապա դատավորը պարտավոր է մերժել դիմումի ընդունումը, իսկ եթե դատարանը սխալմամբ դիմումը վարույթ է ընդունել և սկսել է դատական քննության, ապա նա պետք է կարճի գործի վարույթը:
2)     Տվյալ փաստի հաստատումը կապված չէ դատական մարմիններին ենթակա իրավունքի մասին վեճի լուծման հետ: Ընդսմին, օրենսդիրը նկատի ունի միայն նյութական իրավունքի շուրջը ծագած վեճը, որովհետև այն կարող է լուծվել հայցային վարույթում: Օրինակ՝ հանգուցյալ հորից ժառանգություն ստանալու նպատակով հայրության ճանաչման փաստը, որը կարող է հաստատվել նաև ժառանգական գույքի պահանջի գործով, հատուկ վարույթի կարգով քննվել չի կարող:
3)     Դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու տվյալ փաստը հաստատող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Օրինակ՝ երբ բացակայում են տվյալ փաստը հաստատող փաստաթղթերը, օրենքն ինքը չի սահմանել որևէ փաստի գրանցման կարգը, փաստաթուղթն առկա է, բայց այն լրացված է սխալներով և համապատասխան մարմինները հրաժարվել են տալ այդ փաստաթղթերը, կատարել գրանցումները, ուղղել սխալներն ու անճշտությունները, վերականգնել ժամանակին կատարված գրացումները՝ արխիվները չպահպանելու հետևանքով և այլն:
  ՔԴՕ 189 հոդվածը հատուկ վարույթի կարգով հաստատվող փաստերի սպառիչ ցանկ չի նախատեսել,   սակայն ցույց է տվել առավել կարևոր և տարածված գործերը, սահմանել է դրանց օրինակելի (մոտավոր) ցանկը: Դատական կարգով կարող են հաստատվել քաղաքացիների կամ կազմակերպությունների անձնական կամ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող հետևյալ իրավաբանական փաստերը՝ 1) անձանց ազգակցական հարաբերությունները, 2) անձի՝ ուրիշի խնամքի տակ գտնվելը, 3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության (օրենսդիրն օգտագործում է «ապահարզանի» հնաոճ եզրույթը) և մահվան գրանցումը, 4) անձի՝ որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահանալը, եթե ՔԿԱԳ մարմինները մերժել են մահվան գրանցումը, 5) ժառանգության ընդունումը և ժառանգության բացման վայրը, 6) դժբախտ պատահարը, 7) իրավունք սահմաող փաստաթղթերի պատկանելիությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի, 8) սեփականության իրավունքով գույքին տիրապետելը, 9) անհաղթահարելի ուժի առկայությունը, 10) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
  Իրավաբանական փաստերը հաստատելու վերաբերյալ գործերի ընդդատության հարցերը կարգավորում են ՔԴՕ 190 հոդվածով, ըստ որի այս դիմումները տրվում են դիմողի բնակության կամ գտնվելու վայրի դատարանին, բացառությամբ սեփականության իրավունքով անշարժ գույքը տիրապետելու փաստը հաստատելու դիմումներից, որոնք տրվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանին: Երբ նույն իրավաբանական փաստը հաստատելու մասին դիմում են տալիս տարբեր տեղերում բնակվող (գտնվող) մի քանի անձինք, օրինակ՝ որոշակի ժամկետներում և որոշակի հանգամանքներում անձի մահանալու փաստի հաստատման մեջ շահագրգռված նրա բոլոր ժառանգները, ապա դիմումը նրանց ընտրությամբ տրվում է նրանցից որևէ մեկի բնակության վայրի դատարանին (ՔԴՕ 84 հոդվ.):
  Դիմումի մեջ, բացի ընդհանուր վավերապայմաններից, պետք է պարզ կերպով նշվի, թե դիմողը ո՞ր փաստն է խնդրում հաստատել և ի՞նչ նպատակի համար է իրեն անհրաժեշտ տվյալ փաստերի հաստատումը: Դիմումին պետք է կցվեն խնդրատուի կողմից պատշաճ փաստաթղթերն ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը (ՔԴՕ 191 հոդվ.), ինչպես նաև փաստը հաստատող պատշաճ ապացույցներ: Այդպիսի ապացույցներ են, օրինակ, ծննդյան, մահվան, ամուսնության կամ ամուսնալուծության գրանցման բացակայության մասին ՔԿԱԳ մարմնի տեղեկանքը, կորած գրանցումը վերականգնելուց պաշտոնատար անձի գրավոր հրաժարականը, դժբախտ պատահարը ձևակերպված լինելու, բայց փաստաթուղթը հետագայում կորցնելու և արտադատական կարգով այդ փաստը հաստատելու անհնարինության մասին փաստաթութը և այլն: Նշված հանգամանքները հիշատակելը հնարավորություն է տալիս դատարանին լուծելու փաստի ենթակայության հարցը, որոշելու պահանջվելիք ապացույցների շրջանակը, պարզելու, թե տվյալ փաստը տվյալ դեպքում և կոնկրետ անձանց համար առաջացնո՞ւմ է իրավական հետևանքներ և խնդրատուն իրավունք ունի՞, արդյոք, տվյալ փաստի հաստատման համար դիմել դատարան: Վերջապես՝ փաստի հաստատման նպատակը նշելն օգնում է դրա հաստատման մեջ շահագրգռված անձանց շրջանակը որոշելուն:
  Իրավաբանական փաստերի հաստատման գործով կայացվում է վճիռ, որը պետք է բավարարի ՔԴՕ 132 հոդվածի բոլոր պահանջներին և կարող է բողոքարկվել ընդհանուր հիմունքներով: Վճռի մեջ պետք է բերվեն գործը լուծելու համար նշանակություն ունեցող պայմանները հաստատող ապացույցներ: Դիմումը բավարարելու դեպքում պետք է հաստատվող փաստը շարադրել հստակ կերպով:
  Իրավաբանական փաստը հաստատող դատարանի վճիռը հիմք է հանդիսանում համապատասխանում մարմիններում այդ փաստը գրանցելու կամ փաստից ծագած իրավունքները ձևակերպելու համար:
  Անձանց ազգակցական հարաբերությունների փաստը սովորաբար հաստատվում է դիմողի և այլ անձի միջև, սակայն օրենքը չի արգելում դիմողի խնդրանքով այդ փաստը հաստատել նաև ուրիշ անձանց, ասենք՝ դիմողի ամուսնու և վերջինիս ծնողի միջև: Օրինակ՝ քաղաքացին կարող է դիմել դատարան իր հանգուցյալ ամուսնու և նրա ծնողի միջև ազգակցական հարաբերությունները հաստատելու համար՝ նոտարական գրասենյակից ամուսնու գծով ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով:
  Անձանց ազգակցական հարաբերությունների փաստը սովորաբար հաստատվում է դիմողի և այլ անձի միջև, սակայն օրենքը չի արգելում դիմողի խնդրանքով այդ փաստը հաստատել նաև ուրիշ անձանց, ասենք՝ դիմողի ամուսնու և վերջինիս ծնողի միջև: Օրինակ՝ քաղաքացին կարող է դիմել դատարան իր հանգուցյալ ամուսնու և նրա ծնողի միջև ազգակցական հարաբերությունները հաստատելու համար՝ նոտարական գրասենյակից ամուսնու գծով ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով:
  Փաստը հատուկ վարույթի կարգով հաստատման ենթակա է, երբ այն հիմք է հանդիսանում քաղաքացիական (ընդհանուր սեփականության բաժնի նկատմամբ իրավունքը ձևակերպելու, ժառանգման և այլն), ընտանեկան (ալիմենտային, անձնական ոչ գույքային և այլն), աշխատանքային, կենսաթոշակային, նպաստի վարչական, ֆինանսական և այլ անձնական կամ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման համար:
  Անձի՝ ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը իրավաբանակն նշանակություն ունի ալիմենտ, կենսաթոշակ, կենսաթոշակի հավելում, նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցում ստանալու, գույք ժառանգելու, ինչպես նաև այլ փաստերի համակցության մեջ՝ բնակ տարածության իրավունք ձեռք բերելու համար:
  Ժառանգման իրավունքը ձևակերպելու նպատակով փաստը հաստատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ժառանգատուի մահվան օրը և մինչև նրա մահը խնամարկյալն առնվազն մեկ տարի պետք է գտնված լինի նրա խնամքին (Քաղ. օր. 1220 հոդվ.):
  Ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցման փաստով պայմանավորված իրավական հետևանքները ծագում, փոփոխվում կամ դադարում է միայն այն դեպքում, երբ այդ փաստը ժամանակին պատշաճ կերպով ձևակերպված, գրանցված է եղել ՔԿԱԳ մարմիններում2: Այլ կերպ ասած՝ դատարանը հատուկ վարույթում հաստատում է ոչ թե ծննդյան, որդեգրման, (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան փաստերը, այլ դրանց գրանցման փաստը: Օրենսդիրը դրանով իսկ պաշտպանում է այն մարդկանց իրավունքները և օրինական շահերը, ովքեր ժամանակաին պահպանել են նշված գրառումների օրենքով սահմանված կարգը, բայց այս կամ այն գրառումները հաստատող փաստաթղթերը կորել կամ ոչնչացել են և դրանց կրկնակն ստանալ հնարավոր չէ, քանի որ համապատասխան տարիների արխիվները ևս ոչնչացել են (պատերազմական իրադարձությունների, հրդեհի, տարերային աղետի և այլ պատճառներով), կամ ՔԿԱԳ մարմինը հրաժարվում է վերականգնել համապատասխան գրռումը: Դատարանը նշված փաստի հաստատման վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունում միայն այն դեպքում, երբ շահագրգռված անձը կցում է ակտի գրանցումը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ (ՔԴՕ 192 հոդվ.): Իսկ եթե ՔԿԱԳ մարմինները տեղեկանքներ են տվել այն մասին, որ արխիվները պահպանվում են, բայց ակտի գրառումն է բացակայում, ապա դա նշանակում է, որ ակտը ժամանակին չի գրանցվել և  դատարանն իրավունք չունի հաստատելու դրա գրանցման փաստը:
  Նշված փաստը դատական կարգով կարող է հաստատվել անկախ այն բանից, թե ինչ նպատակ է հետապնդում դիմողը, քանի որ նյութական իրավունքի տարբեր ճյուղեր դրանց հետ կապում են ոչ միայն գույքային, այլ նաև անձնական իրավունքների ծագում, փոփոխում կամ դադարում և եթե փաստը տվյալ դեպքում գույքային շահերը պաշտպանելու կոնկրետ նպատակ չի հետապնդում, ապա հետապնդում է անձնական ոչ գույքային շահեր պաշտպանելու, դիմողի համար հետագայում բարենպաստ իրավիճակ ստեղծելու նպատակ: Այդ փաստերի հետ կապված անձնական իրավունքների շրջանակն այնքան լայն է, որ քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, ֆինանսական և այլ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձինք ամեն րոպե կարող են այդ իրավունքերի պաշտպանության կարիք զգա, այսինքն՝ փաստերի հաստատումը կարող է որոշակիություն մտցնել քաղաքացիական անձնական կամ գույքային իրավունքների մեջ, որոնք նախատեսված են Քաղ. օր. 434, 1188-1189, ԱԸ օր. 18, 58, 61-67, 77, 86, 124, ՀՀ բնակ. օր. 54, Կենսաթոշակային ապահովության մասին օրենքի 24, 37 հոդվածներով և բազմաթիվ այլ իրավական ակտերով:
  Անձի՝ որոշակի  ժամանակում և որոշակի հանգամանքներում մահանալու փաստը իրադարձություն է, որի հետ նյութական իրավունքի նորմերը սովորաբար կապում են տարբեր իրավական հետևանքներ (Կենսաթոշակային ապահովության մասին օրենքի 24-27, 37, Քաղ. օր. 1122, 1131, 1188, 1216-1219, ԱԸ օր. 30 հոդվածներ):
  ՔԿԱԳ մարմիններում մահվան գրանցման կարգը սահմանված է ՀՀ արդարադատության նախարարի 1999 թվական օգոստոսի 9-ի թիվ 1270 հրամանով հաստատված «Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումներ»-ով:
  Ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հետ նյութական իրավունքի նորմերը կապում են միայն ժառանգման իրավունքի առաջացումը (Քաղ. օր. 1198, 1225, 1226, 1228, 1230-1232, 1240, 1245-1246 հոդվածներ): Այդ փաստը հաստատելու համար ժառանգության իրավունքի վկայագիր տալու խնդրով նոտարին դիմող անձինք պետք է ներկայացնեն գրավոր ապացույցներ՝ ժառանգատուի և ժառանգի համատեղ բնակվելու կամ ժառանգի կողմից ժառանգատուի գույքը վերձնելու մասին տեղեկանքներ, ժառանգատուի հարկերը և տուրքերը մուծելու մասին անդորրագրեր, ժառանգի կողմից ժառնգատուի գույքը փաստոեն տիրապետելու կամ կառավարելու մասին փաստաթղթեր և այլն: Եթե շահագրգռված անձը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում նոտարին չի դիմել ժառանգություն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու խնդրով, այսինքն՝ նա չի կարող հաստատել նոտարական կարգով ժառանգման իրավունքի մեջ իր մտնելու փաստը, կամ ներկայացնել ժառանգական գույքի փաստական տիրապաետումը կամ կառավարումը հաստատող փաստաթղթեր, կամ դրանք բավարար չեն ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, կամ կորել, ոչնչացել են այդ փաստաթղթերը և հնաավոր չէ պատշաճ մարմիններից ստանալ կամ վերականգնել դրանք, ապա նրա դիմումով ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստը կարող է հաստատվել հատուկ վարույթի կարգով:
  Ժառանգությունն ըդունելու և ժառանգության բացման վայրի փաստը հաստատելիս դատարանը պարտավոր է ղեկավարել Քաղ. օր. 1188 և 1189 հոդվածներով, որոնք սահմանում են ժառանգության բացման ժամանակը և ժառանգության բացման վայրը:
  Դժբախտ պատահարի փաստի հետ օրենքը կապում է քաղաքացիների կենսաթոշակային (Կենսաթոշակային ապահովության մասին օրենքի 6, 16, 24, 25, 27 հոդվածներ), վնասի և ապահովագրական հատուցում ստանալու (Քաղ. օր. 985, 990, 1077 հոդվածներ), բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողով կամ դատական փորձաքննություն ուղղարկելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքերի ու արտոնությունների առաջացումը: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է արտադրության հետ կապված դժբախտ պատահարների մասին, ուստի այդ փաստը կարող է հաստատվել, եթե տեղի է ունեցել պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորություններ, ինչպես նաև զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն և քաղաքացիական այլ պարտավորություններ կատարելիս: Ընդսմին, դատարաններն այդ փաստը հաստատելիս նշանակություն չպետք է տան ինչպես դժբախտ դեպքը պատահելու վայրին (աշխատանքի պահին, ընդմիջմանը, աշխատանքի գնալիս, տուն վերադառնալիս և այլն), այնպես էլ այն հանգամանքին, թե դիմողը կամ շահագրգռված անձը ինչ նպատակ է հետապնդում փաստի հաստատմամբ:
  Դժբախտ պատահարի հատատման վերաբերյալ դիմումը դատարանը կարող է վարույթ ընդունել, եթե՝ 1) ակտը (արձանագրությունը) ընդհանրապես չի կազմվել և ներկա ժամանակում այն կազմելը հհնարավոր չէ, 2) ակտը կազմվել, բայց հետագայում կորել է և ոչ դատական կարգով (իրավասու մարմինների կողմից) դրա վերականգնում հնարավոր չի համարվել, 3) ակտը կազմելիս թույլ է տրվել այնպիսի սխալ, որը խոչընդոտում է դժբախտ պատահարի փաստն ընդունելուն և այդ սխալը ոչ դատական կարգով ուղղել հնարավոր չէ:
  Դատարանը միայն իրավասու է հաստատել դժբախտ պատահարի փաստը: Նա չի կարող քննության առնել և հաստատել անձի ամբողջությանը հասցված վնասման բնույթը, աշխատունակությունը կորցնելու աստիճանը, պատճառները, հաշմանդամության խումբը և այն վրա հասնելու ժամանակը ու վճիռ կայացնել այդ հարցերի մասին, քանի որ նման իրավունքը տրված է այլ՝ ոչ դատական մարմիններին, որոնց գործողությունները (անգործությունը) և որոշումները կարող են վիճարկվել հատուկ հայցային վարույթում:
  Վճռի եզրափակիչ մասում նշվում է դժբախտ պատահարի ժամանակը և տեղը, այն անձի ազգանուն, անուն, հայրանունը, ում հետ կատարվել է դժբախտ պատահարը և դժբախտ պատահարի՝ արտադրության հետ կապ ունենալու հանգամանքը:
  Իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու գործերը դատական պրակտիկայում մեծ տարածում ունեն, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, որտեղ փաստաթղթերը լրացնում են թերություններով:
  Փաստաթուղթը գրավոր կամ պաշտոնապես ընդունված մի այլ եղանակով (ֆոտո, կինո, ձայնագրման և այլն) ձևակերպված ակտն է, որով հաստատվում է իրավաբանական փաստը, հետևաբար՝ այդ փաստի հետ կապված անձնական կամ գույքային իրավունքը կամ օրինական շահը: Ընդսմին, այդ իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կախված է ոչ թե փաստաթղթի պատկանելությունից, այլ դրա բովանդակությամբ հաստատվող փաստից: Բայց քանի որ փաստաթղթերի պատկանելության փաստը էական նշանակություն ունի դրանցով պայմանավորված իրավունքերի կենսագործման համար, ուստի օրենսդիրը վերանում է փաստթաղթերի և նրանց պատկանելության միջնորդաց կապից և փաստաթղերի պատկանելությունը դիտում է որպես իրավաբանական փաստ:
  Փաստաթղթում պարունակվող սխալները, անճշտությունները գրանցումների թերի լինելը, անընթեռնելիությունը, ջնջումների առկայությունը և այլն, հետևանք են դրանց լրացնող անձանց անփությության կամ անուշադրության, լրացվող ազգանվան, անվան կամ հայրանվան բարդ ուղղագրության, փաստաթղթերին տիրապետող անձանց՝ իրենց անձնագրում կամ ծննդյան վկայականում հիշվածից տարբերվող այլ ազգանվամբ կամ անվամբ կոչելու ցանկության կամ այլ պատճառների, ու անհնար են դարձնում փաստաթղթերի օգտագործումը:
  Իրավունք սահմանող փաստաթղթեր են, օրինակ, անձնագիրը, զինգրքույկը և զինվորական մյուս փաստաթղթերը, կուսակցական, արհմիութենական տոմսերը, ՔԿԱԳ մարմինների կողմից տրվող վկայականները, վարորդական վկայականը, բուհը, տեխնիկումը, քոլեջը, դպրոցն ավարտելու մասին վկայականները, աշխատանքային գրքույկը և վաստակի չափը հաստատող տեղեկանքը, խնայդրամարկղի գրքույկը, սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեը, պայմանագրերը, ԲԱՓՀ-ի տեղեկանքները և եզրակացությունները, կտակը, հողօգագործման ակտերը, դժբախտ պատահարի ակտերն ու արձանագրությունները, հիվանդությունը հաստատող տեղեկանքները և այլն:
  Սեփականությամբ իրավունքով գույքային տիրապետելու փաստը դատական կարգով կարող է հաստատվել, երբ շահագրգռված անձանց իրավունքները պաշտպանելու այլ միջոց չկա:
  Գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքների գրանցումը կատարում է անշարժ գույքի (հողամասի, շենքի, շինության, բնակարանի և այլն) գտնվելու վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը, որը շահագրգռված անձին տալիս է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Եթե գրանցման ժամանակ սխալներ են թույլ տրվում, ապա դրանց ուղղումը սեփականատիրոջ կամ գույքն օգտագործողի դիմումի հիման վրա կամ պետական ռեգիստրի պաշտոնատար անձը: Գույքի պետական գրանցման կապակցությամբ ծագած վեճերը լուշվում են վերադասության (վարչական) կամ դատական կարգով (Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի2 23-25, 42, 55 հոդվածներ):
  Գույքի նկատմամբ սեփականության իրավունքները հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ, հետևաբար՝ սեփականատիրոջը տրված վկայականը փչանալու, կորչելու, ոչ պիտանի դառնալու դեպքերում շահագրգռված անձը կարող է ստանալ դրա կրկնակը:  
  Անհաղթահարելի ուժի առկայության փաստը հաստատելու վարույթը ՀՀ օրենսդրության մեջ նախատեսվում է առաջին անգամ: Դրանք նախկինում գերազանցապես լուծվել են պարտատիրոջ կողմից պարտապանի դեմ ներկայացված հայցերով՝ ընդհանուր հայցային կարգով վեճերը (գործերը) քննելիս: Սակայն դատական պրակտիկան ցույց է տվել, որ շահագրգռված անձը կարող է դիմել նաև այդ փաստը հատուկ վարույթի կարգով հաստատելու խնդրանքով, երբ պարտավորության կատարման պահին դեռևս վեճ չկա, բայց այն կարող է ծագել հետագայում: Հետագա պատասխանատվությունից ազատվելու և իրեն ապահովելու նպատակով շահագրգռված անձը դիմում է դատարան՝ իր բնակվելու (գտնվելու) տարածքում տեղի ունեցած անհաղթահարելի ուժի (երկրաշարժի, ջրհեղեղի, պատերզամական գործողությունների, ապրանքների տեղափոխումն արգելելու, համաճարակների և այլն) փաստի հաստատման խնդրով, որը նրա կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառ է հանդիսացել:  Այդ փաստը պարտապանն օգտագործում է հետագայում իր դեմ հարուցվելիք գործերով, որովհետև, որպես կանոն, պարտավորությունների կատարումը տևական բնույթ է կրում և հետագայում դժվարություններ են առաջանում փաստը հաստատելու հարցում: Դրա համար էլ դատարանը հատուկ վարույթի կարգով այդ փաստը հաստատելու համար դիմողին այլ պայմաններ չպետք է ներկայացնի, բացի փաստն այլ կարգով հաստատելու անհնարինության մասին ապացույցներ պահանջելուց: Այս փաստը, մասնավորապես, կարող է  հաստատվել այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողը չի կատարում կամ ոչ պատշաճ կերպով է կատարում իր պարտավորությունները տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի (ֆորս-մաժոր) հանգամանքների պատճառով կամ շրջապատի համար առավել  վտանգ ստեղծող գործողությամբ վնաս է պատճառվել տուժողին (Քաղ. օր. 417, 1072 հոդվածներ):

  Հայրության ճանաչման փաստը որոշելը իրավաբանական փաստերի հաստատման վերաբերյալ գործերի տարատեսակ է և քննվում է հատուկ վարույթի կարգով, քանի որ ԱԸ օր. 54 հոդվածի համաձայն այն անձի մահվան դեպքում, որի խնամքին գտնվել է երեխան և որն իրեն համարել է երեխայի հայր, արդեն մահացել է և հնարավոր չէ հայությունը որոշելու հայց ներկայացնել նրա դեմ: Ամուսնաընտանեկան օրենսդրության իմաստից ելնելով, քննարկվող փաստը հատուկ վարույթում կարող է հաստատվել, եթե՝ 1) երեխան ծնվել է 1986թ. հոկտեմբերի 1-ը, 2) երեխան գտնվել է փաստական հոր խնամքի տակ1, 3) փաստական հայրն իրեն երեխայի հայր է ճանաչել: Փաստի հաստատման խնդրով կարող է դիմել նաև չափահաս դարձած երեխան: Այդ գործերով օրենքն իրեն երեխայի հայր համարող անձի մահվան ժամանակին, ինչպես նաև խնամքի տևողությանը նշանակություն չի տալիս: 

2 comments:

  1. Շատ լավ հոդված, ապրեք, Նելլի։

    ReplyDelete
  2. Շատ լավ հոդված, ապրեք, Նելլի։

    ReplyDelete