Sunday, February 1, 2015

Բագրատունիների կործանումը և սելջուկյան արշավանք

Նախաբան

Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական տոհմ էին Հայաստանում (IX-XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX-XIX դարեր):
Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում, սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972-1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչեւ XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:



Բագրատունիների կործանումը և սելջուկյան արշավանք

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում:
Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:
 Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:
 Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:
Բյուզանդիան իր արևելյան սահմանների վրա վերջ տալով հայկական պետականությանը` դրանով վերացրեց այն պատնեշը, որը ապահովում էր բյուզանդիայի թիկունքը արևելքից: Թուրքական ծագում ունեցող սելջուկյան հորդուները ներխուժեցին Մերձավոր արևելք, այդ թվում նաև Հայաստան, և 2 փուլով` 1) 1016-1063, 2) 1064-1092 արշավեցին Հայաստանի վրա:
Առաջին փուլում սելջուկները միայն ասպատակում, ավերում և թալանում էին, երկրորդ փուլում նրանք վերջնականապես նվաճեցին Հայաստանը և բնակություն հաստատեցին այստեղ: Առաջին փուլում 1048թ. սելջուկները ավերեցին ու թալանեցին Վանա լճից արևմուտք ընկած հայկական հողերը:
Սելջուկ Իբրահիմ Ինալը օրդուների իր բանակով արշավեց Արծն քաղաքի վրա: Գեղեցիկ, հարուստ, առևտրաշահ քաղաք Արծնը գտնվում էր Տրապիզոն նավահանգստային քաղաքից ոչ հեռու, այն մեծ ճանապարհին, որը հասնում էր Չինաստանից Սև ծով: Հնագույն առևտրական ճանապարհներից հատկապես այս մեկը ձգվում էր Տրապիզոնից նախ Արծն, Կարին, ապա Անի, հետո Դվին: Դվիննը ամենատարբեր տեղերից ընդունում էր բոլոր ապրանքները՝ դառնալով խոշոր արհեստանոց: Հայ և օտար վաճառականները Դվինից առնելով ապրանքները տանում էին Միջագետք, Միջին Ասիա, Չինաստան, այնտեղից բերելով և նորից Դվինի միջոցով Արծն և Տրապիզոն հասցնելով Արևելքից բերված ապրանքները: Արծնում խոշոր առևտրական տներ ունեին ոչ միայն հայերը այլև սիրիացիները, արաբները և հեռավոր երկրներից եկած վաճառականները:
 Արծնը չէր կարող չգրգռել նախճիրի ու թալանի մոլուցքով առաջնորդվող թշնամուն:  Բյուզանդացի հրամանատար Կատակալոնը փոխանակ ելնելու Արծն արշավող հորդային ընդառաջ՝ նամակ է գրում արծնցիներին, որ նրանք իրենց անպարիսպ, անպաշտպան քաղաքից ելնեն և գնան պատսպարվեն անառիկ Կարին քաղաքում: Արծնցիները հպարտորեն մերժում են այդ առաջարկը: Եվ նրանք բարբառոս հորդաների դեմ հանելով իրենց սեփական զորաջոկատը՝ ընդունեցին մարտը:
Բայց ի՞նչ կարող էր անել արծնցիների փոքրաքանակ բանակը, որն ուզում էր իր արժանապատիվ հպարտությամբ ապացուցել Բյուզանդական անարի և անգործունյա կառավարիչներին, թե ազատությունը չի գտնվում ստրկամիտ վակոտությամբ:
  …Արծնցիների հուսահատ, անձնազոհ դիմադրությունից հետո, երբ կատաղի կռվում ընկավ վերջին զինվոր-պաշտպանը, արյունից արբած թշնամին լցվեց քաղաք: Բայց կռիվը շարունակվեց քաղաքի փողոցներում: Թշնամին ստիպված էր կռվել յուրաքանչյուր տան համար: Կռվողները զինվորներ չէին, կռվողները քաղաքի խաղաղ բնակիչներ էին, որոնք որոշել էին թանկ ծախել իրենց կյանքը մահվան հետ գոտեմարտելիս…
Այս արշավանքի ժամանակ նրանք գրավեցին 300 հզ. բնակչություն ունեցող վաճառաշատ Արծն քաղաքը:
Բնակչության կեսը կամ գերեվարվեց կամ սպանվեց:
  Անգամ մեկ բյուզանդացի զինվոր չեկավ պաշտպանելու համար օրհասական պայքարի ելած արծնցիներին…
1049
թ. Բասենի դաշտում Կապատռու բերդի մոտ բյուզանդական բանակը ջախջախիչ պարտություն կրեց:
Այս պարտությունից հետո բյուզանդացիները ստիպված էին Հայաստանում համբերատար քաղաքականություն վարել:
1054թ. Հայաստան ներխուժեց անձամբ Տուղրիլ սուլթանի գլխավորած բանակը:
1054
թ. Ապահունյաց գավառի Մանազկերտ բերդի մոտ Տուղրիլ բեկի բանակը պարտություն կրեց: 
Այս պարտությունից հետո համարյա մեկ տասնամյակ Հայաստանը զերծ էր սելջուկների արշավանքներից: 
Սելջուկյան արշավանքների հաջորդ էտապը սկիզբ առավ 1064թ-ին, նրանց առաջնորդում էր Տուղրիլի եղբայրորդին` Ալփ-Սալանը:
Նա իր բանակը բաժանեց 2 մասի: Առաջին մասի գլուխն անցած` նա ասպատակեց Հայաստանի հյուսիսային գավառները և Վրաստանի հարավը:
1064թ. օգոստոսին սելջուկները գրավեցին Անին:
Բանակի երկրորդ մասը Ալփ-Ասլանի որդու` Մելիքշահի գլխավորությամբ գրավեց Սուրմարին, ապա Մարմարաշենը:
Բյուզանդիայի հետ վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1071թ-ին Մանազկերտի մոտ: 
Չնայած բյուզանդական բանակի մեծաքանակ լինելուն` վերջիններս պարտություն կրեցին, իսկ կայսր Ռոմանոս Դիոգենեսը գերի ընկավ: 
Ալփ-Ասլանի հաջորդ` Մելիք շահի օրոք սելջուկները վերջնականապես իրենց տիրապետությունը հաստատեցին Հայաստանում: 
Մատթեոս Ուռհայեցին գրում է.
«Սուլթան Տուղրիլի հրամանով այնտեղի արքունիքից երկու զորապետ, որոնք Աբրեիմ և Գթլմուշ էին կոչվում, հսկայական զորքերով եկան Հայոց երկիրը՝ համոզված, որ հոռոմոց տիրապետության տակ գտնվող Հայոց ողջ Երկիրը անտերունչ ու անպաշտպան կլինի, քանի որ հոռոմները քաջ ու հզոր տղամարդկանց հեռացրել էին Արևելքից և աշխատում էին Հայոց երկիրն ու ամբողջ Արևելքը պահել ձվատ զորահրամանատարներով»:
  Արիստակես Լաստիվերտցին ավելի ողբաձայն ու մանրամասն է նկարագրում սելջուկների հարձակումը Հայաստանի վրա:
  «Թուրքստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես, նրանց սմբակները ամուր էին ինչպես ապառաժ: Նրանք սաստիկ սպառազինված էին. Աղեղները լարված, նետերը միշտ սուր, երբեք չարձակեցին կոշիկների կապերը: Հասնելով Վասպուրական գավառ՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյանների վրա և հասնելով մինչև Բասեն գավառը ու Վաղարշավան կոչված մեծ դաստակերտը, սրով, հրով ու գերությամբ քանդելով ավերեցին քսանչորս գավառներ:
  Դեպի արևմուտք՝ Աղտյաց գավառը, դեպի հյուսիս՝ մինչև Սպեր, մինչև Տայք ու Արշարունյաց բերդերը, իսկ դեպի հարավ՝ մինչև Տարոն, մինչև Հաշտենից գավառն ու Խորձենի անտառները… Հայոց Աշխարհը բոլոր պատուհասներն ընդունեց իր վրա. և այժմ ընկած է բոլոր ճանապարհների խաչմերուկներում մերկ, խայտառակված…»:
Վերջաբան
Երկրի վարչական կառավարումը, դատավարությունն ու հարկահանությունը անցան սելջուկ պաշտոնյաների ձեռքը: Միայն Լոռիում, Սյունիքում և Հայաստանի հարավային մի շարք գավառներում հայ իշխանները պահպանեցին իրենց գոյությունը և այդ վայրերում վարչա-քաղաքական իշխանությունը դեռևս հայերի ձեռքում էր: Սելջուկները ծանր հարկեր դրեցին բնակչության, հատկապես գյուղացիության վրա, մեծ չափեր ընդունեց արտագաղթը: Սելջուկները խլեցին հայ իշխանների կալվածքները, իսկ տերերին դուրս քշեցին երկրից կամ ոչնչացրին: Այդ հողերը տրվեցին սելջուկ զինվորներին ու պաշտոնյաներին
Սելջուկյան պետությունը շուտով մասնատվեց տարբեր ամիրայությունների: Արարատյան դաշտը և Շիրակը անցան Շադադյաններին, իսկ Հայաստանի հարավային շրջանները` Շահարմեններին: Երկրի մյուս մասերը անցան Գանձակի, Օրդուխյան, Դանիշմանների, Սալդուխյան էմիրություններին: Այդ ամիրայությունների հիմնական բնակչությունը հայերն էին, որոնք ենթարկվում էին բազմատեսակ ճնշումների, կեղեքումների ու կրոնական հալածանքների: Սելջուկյան տիրապետությունը չափազանց ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար:
Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

Աղբյուրներ՝
Աննա Պետրոսյան «Հայոց պատմություն»,  
Սոց. Սանց

Սովորող՝ Նելլի Գսպոյան
Դասավանդող՝ Վահրամ Թոքմաջյան


No comments:

Post a Comment