Wednesday, October 28, 2015

«Հիմա երեխաները չեն ենթարկվում իրենց ծնողներին ու շատ ալարկոտ են». Ամենահին գրքի առաջին տողերը

Աշխարհի ամենահին գիրքը գրվել է մ.թ.ա 3350թ.-ին: Այն հայտնաբերվել է եգիպտական Ֆիվա քաղաքում գտնվող բուրգերից մեկում: Կոչվում է «Prisse Papyrus»:  Հետաքրքիրն այն է, որ առաջին տողերը սկսվում են այսպես. «Ցավոք այսօրվա աշխարհը առաջավանը չէ, հիմա երեխաները չեն ենթարկվում իրենց ծնողներին ու շատ ալարկոտ են»: 
  Հայերեն առաջին գրքերը` ձեռագիր մատյանները, ստեղծվել են 5-րդ դարից: Մեզ հասած հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանն» է: Հայերեն ձեռագիր գրքերը ստեղծվել և ընդօրինակվել են մինչև 18-րդ դարի վերջը` Էջմիածնի, Հաղպատի, Սանահինի, Տաթևի, Գլաձորի, Վանի, Աղթամարի, Կարինի, Բաղեշի, Սսի, Սկևռայի, Լվովի, Կաֆայի և այլ վայրերի գրչության կենտրոններում: 13-14-րդ դարերի ձեռագիր գրքերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Թղթի վրա մեզ հայտնի առաջին հայերեն ձեռագիր գիրքը ընդօրինակվել է 981-ին: Մեզ է հասել շուրջ 25 000 հայերեն ձեռագիր գիրք, տասնյակ հազար ձեռագիր մատյաններ կորել են, ոչնչացվել նվաճողների ձեռքով:
  Հայ առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսել Վենետիկում, 1512-ին` Հակոբ Մեղապարտի ջանքերով: Տպագրության կենտրոններ են դարձել Կ. Պոլիսը, Վիեննան, Մադրասը, Կալկաթան, Ս.Պետերբուրգը, Նոր Նախիջևանը, Աստրախանը, Մոսկվան, Շուշին, Թիֆլիսը, Բաքուն և այլ քաղաքներ: Հայաստանում առաջին տպարանը բացվել է Էջմիածնում, 1771-ին: Հայ հնատիպ (մինչև 18-րդ դարի վերջը) տպագիր գրքերի թիվը հասնում է հազարի, 1801-50-ին հրատարակվել է մոտ 1700 գիրք: 1515-1988-ին ամբողջ աշխարհում տպագրվել է 100 հազար անուն հայերեն գիրք: 
Իսկ աշխարհի ամենածանր գիրքը գտնվում է Բիրմայում, պատրաստվել է քարից, ունի 730 էջ եւ կշռում է 1400 տոննա: 9 տարվա ընթացքում նրա «էջերին» փորագրվել են բուդդայական, փիլիսոփայական բոլոր դրույթներ: 
  Ամենաերկար ու մեծ գրադարանը գտնվում է ԱՄՆ-ում: Դա կոնգրեսի գրադարանն է Վաշինգտոնում: Այնտեղ պահվում է շուրջ 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունը անցոևմ է 450 կմ.ից: 
Աշխարհի ամենաթանկ գիրքը համարվում է Լեոնարդո դա Վինչիի «Լեյտերյանօրենսգիրքը», որը  «Մայքրոսոֆտ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ձեռք է բերել 24 միլիոն դոլարով:
 

Հետաքրքիր փաստեր գրքերի մասին

Թերևս, բոլորին է հայտնի, որ կարդալը զարգացնում է մարդու ինտելեկտն ու նպաստում է մտավոր առողջության պահպանմանն ու լավացմանը:
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր գրքերի մասին.
1. 1939թ, Էռնեստ Վինսենթի գրած 50.000 բառից բաղկացած վեպում բացարձակապես գոյություն չուներ «e» տառը
2. Շախմատի մասին ավելի քան 20.000 գիրք կա գրված
3. Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ստեղծագործության մեջ 823 բառից բաղկացած նախադասություն կա:
4. ԱՄՆ-ում մեկ վայրկյանում 57 գիրք է վաճառվում
5. Լև Տոլստոյի կինը ստիպված է եղել 7 անգամ արտագրել ամուսնու գրած «Պատերազմ և խաղաղություն» գիրքը
6. Գրամեքենայով գրված առաջին գիրքը Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վիպակն է
7. Կազանովան իր կյանքի վերջին 12 տարիների ընթացքում գրադարանավար է եղել
8. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում 72.466.926 գիրք կա:

Sunday, May 31, 2015

Հայկական պետականությունը Կլիկիայում

Նախաբան

   Որոշ ուսումնասիրողների կարծիքով, «Կիլիկիա» անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունարեն «կալիս», «կալիկա» (քարքարոտ) բառերից:
    Իսկ հին հունական առասպելի համաձայն, երկիրը Կիլիկիա է կոչվել Փյունիկիայի Ագենովրոս թագավորի որդի Կիլիքսի անունով, որն իբր հաստատվել է այնտեղ, առևանգված քրոջը՝ Եվրոպային, ապարդյուն որոնելուց հետո:

  Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080-1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում, Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ:
Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080p-1198 թթ.) և թագավորություն (1198-1375 թթ.):


                  Հայկական պետականությունը Կլիկիայում

   Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080-95 թթ.) Է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների:
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042-45 թթ.): Թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին, նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095- 1100 թթ.): սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն:
Թորոս Ա իշխանը (1100-29 թթ.) շարունակելով հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ -ին Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:
Թորոս Ա-ի եղբորը, Լևոն Ա-ին (1129-37 թթ.), Հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135-36 թթ-ին , կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները:
1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145-69 թթ.): Կարողացավ փախչել գերությունից և , եղբայրների, Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը:
1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը, Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը, Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ:
Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:
Թորոս Բ-ին հաջորդած Մլեհ իշխանը (1169-75 թթ.) Բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: 1173 թ-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Սիս (հնում, Փլավիոպոլիս), որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին, Ռուբեն Գ իշխանը (1175-81 թթ.): Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը, Ալեքսանդրետից Սելևկիա, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:
Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182 թ-ին պաշարեց Լամբրոնը, Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ -ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեց: Լևոն Բ-ի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ-ն 1187 թ-ին իշխանությունը կամովին հանձնեց նրան:
Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին (1187-98 թթ.): Պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար:
Կիլիկիան թագավորության ժամանակաշրջանում
Թագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198-1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն, Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի, թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան ու Գերմանիկեն:
Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի, 1219-22 թթ-ին), իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: 1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը 1226 թ-ին ավելի քան 60 իշխանների հետ գումարել է խորհրդակցություն, որոշել իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը ինքն է վարել երկրի գործերը, եղել թագավորության խնամակալ:
Հեթում Ա-ն (1226-69 թթ.) դարձավ նոր արքայատոհմի` Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը:
1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում, մոնղոլների մայրաքաղաքը, արքունիքի հետ փոխօգնության պայմանագիր կնքել, որն ամրապնդել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը:
1256-62 թթ-ին Իկոնիայի սուլթանությունից ազատագրվել են Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու դրանց շրջակայքը:
Նոր վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը 1266 թ-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա. Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմահազար հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269 թ-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269-89 թթ.), ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանքը:
Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանն արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից, Իկոնիայի թյուրքերը, երկրի ներսում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել ու կողոպտել են մի շարք բնակավայրեր: Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Ապա Լևոն Գ-ն հաղթել է Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: 1271 թ-ին վերանորոգվել են վենետիկցիների, 1288 թ-ին, ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:
Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289-1303 թթ.), Հիասթափվելով թուլացած և մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի պետությունների օգնությանը, ավելի սրելով մահմեդական հարևանների թշնամանքը: 1292 թ-ին եգիպտական ​​զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293-1307 թթ.): հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Դժգոհ Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից, նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: Իսկ 1288 թ-ին գահը նրանից խլել է մյուս եղբայրը, Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկած գահակալական կռիվներից, նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած հողերը, Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներ: 1299 թ-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք:
 1301 թ-ին Հեթում Բ-ն թագավոր է օծել մանկահասակ եղբորորդուն, Լևոն Դ-ին (1301-08 թթ.) դարձել նրա խնամակալը, «թագավորահայրը» և շարունակել լատինամետ քաղաքականությունը: Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի, ունիթորների դեմ , որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը:
Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ, մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Հայկական զորքերը` Հեթում Բ-ի եղբայրներ Օշինի և Ալինախի գլխավորությամբ, սպանել են Փիլարղուին ու ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308-20 թթ.) Հռոմի պապի պահանջով 1309 թ-ին հրավիրել է նոր ժողով, Սսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը, Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը: 1316 թ-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմակայության շնորհիվ: 1318 թ-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը, Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հետ են մղել թշնամուն:
Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320-42 թթ.): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել է խաղաղ գոյակցության քաղաքականություն:
Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը 1335 և 1336 թթ-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337 թ-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով հաշտություն է կնքել, որով երկրի հարավարևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ:
Լևոն Ե-ի մահով (1342 թ.) ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310 թ-ին հոր, Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր, Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա և ապրել Լևոն Ե-ի արքունիքում:


Վերջաբան

1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։ Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին Կոստանդին Բ-ն սպանվեց։ Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը: Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թվականին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում: 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի  թագավորին։ Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից:


Աղբյուրներ՝  «Հայկական հանրագիտարան»
                        «Հայ ժողովրդի պատմություն» Հ.3


Սովորող՝ Նելլի Գսպոյան
Դասավանդող՝ Վահրամ Թոքմաջյան

Saturday, May 16, 2015

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում։ Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար: Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:
Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:
Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:
1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:
Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Պարույր Սևակ

  Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
  1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։
  1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է Բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի Հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Պարույր Սևակ։ «Ուշացած իմ սեր» բանաստեղծության վերլուծություն

Իսկ ի՞նչ անել հիմա:
Անուղղելի-հիմար
Սիրտըս ահա նորից
Կուրծքըս այնպե՛ս թակում,
Այնպե՜ս է տկտկում,
Կարծես թե Մորզեի այբուբենով
Ամենքին է դիմում մի զուսպ քենով,
Ամենքին է տալիս իր նույն հարցը հիմար,
-«Իսկ ի՞նչ անել հիմա»…
Սիրտըս մոլեգնորեն կուրծքս է ծեծում,
Ինչ-որ մեկն էլ
Դուռն է ծեծում հուշիկ:
Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում:
Դուռն եմ բացում –
Եվ ի՜նչ.
Դո՛ւ ես, իմ անգին՜ըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս,-
Որ չգնա՛ս,
Մնա՜ս,
Ընդմի՛շտ մնաս…
Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո՛վ, ցավո՛վ լեցուն,
Տագնապներո՜վ լեցուն
Այս աչքերին:
Մի՛ տագնապիր, ոչի՜նչ, առանձին բան չկա՛.
Թո՛ղ որ քո մանկիկը ինձ անվանի «քեռի»,
Բայց նա «քույրի՜կ» կասի վաղը մեր աղջըկա՛ն…

Սա «Ուշացած իմ սեր» բանաստեղծության վերջին հատվածն է։ Պարույր Սևակը այն գրել է անկեղծորեն ու հուզառատ։ Բանաստեղծության մեջ կարծես պատկերված է մի ողջ սիրո պատմություն։ Թերևս հերոսները սիրում էին իրար, սակայն գումարը, հարստությունը պատճառ հանդիսացավ նրանց սիրո բաժանմանը։ Աղջիկը ամունացավ մի տղայի հետ ում չէր սիրում։ Հարստությությունն էլ չերջանկացրերց աղջկան։ Նրանց սերը չմարեց, որքան էլ հեռու լինեին նրանք իրարից, բայց միևնույն է նրանք շարունակում էին սիրել իրար։ Հեղինակը չի կարողանում մոռանալ աղջկան, որքան էլ, որ ցանկանում էր, իրեն համողզում, որ էլ չի սիրում։ Ու անընդհատ մեղադրում է նրան, իր ուշացած սիրո համար, քանի որ շատ լավ հասկանում էր, որ նա դեռ իրեն է սիրում։ 
  Հեղինակը բանաստեղծության մեջ պատկերում է նաև մի հատված, որտեղ նա խանդում է աղջկան, որ տղա ունի, բայց երկուիսնը չէ նա, այլ միայն նրանը։ Նա հիշում է աղջկա ու իր երազանքները։ Նրանք պաշտում էին միմիյանց, աղջիկը ուզում էր տղա ունենալ, որ լինի իր ամուսնու նման, իսկ տղան ուզում էր աղջիկ ունենալ, որ լինի իր կնոջ նման։ 
  Թերևս երկուսն էլ հայտվել էին այնպիսի իրավիճակի մեջ, որ կարծես էլ ոչինչ չէին կարող փոխել, սակայն նրանց սերը ավելի ուժեղ գտնվեց ու իր այդքան պաշտելի աղջիկը վերադարձավ ետ՝ իր մոտ։
  

Ավետիք Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-
ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։